Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։
Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում:

Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում (KT-GE037)[1][2]։
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
